
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը լեգենդար ճարտարապետական նախագիծ է, որը ստեղծել է հայրս՝ Սպարտակ Կնտեխցյանը՝ Թելման Գևորգյանի հետ համատեղ։ Դահլիճը բացվել է 1966թ.-ին՝ դառնալով ստեղծագործ մտավորականության և երևանցիների կենտրոնացման վայր, իսկ հետագայում՝ հայկական մոդեռնիստական ճարտարապետության վառ օրինակներից մեկը, որի մասին խոսվում է բազմաթիվ նյութերում ու մենագրություններում:
Սպարտակ Կնտեղցյանի ծննդյան 99-ամյակի օրը հրապարակում ենք 1985 թվականի դրությամբ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի և դրա շրջակայքի վիզուալիզացման նախագիծը՝ այնպիսին, ինչպիսին որ եղել է այն ժամանակ, և թե ինչպիսին է այդ վայրը հիմա՝ հիշեցնելու համար դրա նախնական ձևը և թե ինչ մթնոլորտ է այն ստեղծել տեղանքում: Մեծ ուշադրություն է դարձվել նաև կինոթատրոնի շրջակայքին․ միանման տանիքներ՝ առանց ավելացված հարկերի, շենքեր՝ առանց կառուցապատումների, լայնեզր մայթեր՝ առանց քաոսային ցրված առևտրի կետերի… Մենք հավատում ենք, որ ցույց տալով ոչ միայն այն, թե ինչպիսին կարող է լինել այս վայրը, այլև թե ինչպիսին է այն եղել ժամանակին, մենք կարող ենք վերաիմաստավորել գոյություն ունեցող քաղաքային միջավայրն ու սահմանել այն բարեկարգելու հնարավորությունները:

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը
Տեսարան վերևից
Այս նախագիծը շատ ծավալուն էր և ներառում էր ներկա ծավալների չափագրում, ինչպես նաև բոլոր նախագծային փաստաթղթերի ու հարյուրավոր լուսանկարների ուսումնասիրություն, որ գտել ենք մասնավոր արխիվներից և hinyerevan.com կայքից։ Բացի այդ՝ մենք վերլուծել ու սահմանել ենք օգտագործված գրեթե բոլոր տեքստուրաներն ու տարրերը. որոշ մանրամասներ պարզելու համար ամիսներ պահանջվեցին, և աշխատանքը բարդացավ այն պատճառով, որ եղած գծագրերը մասամբ չէին համընկնում լուսանկարներում արձանագրված վերջնական լուծումների հետ (ինչը սովորական բան է թե՛ ԽՍՀՄ-ում այդ ժամանակաշրջանի շինարարության համար, թե՛ ներկայիս․ ճարտարապետական լուծումները հաճախ փոխվում են կատարման ընթացքում՝ և՛ թարմ հայացքի, և՛ իրականացման առանձնահատկությունների պատճառով):
Մեր ստուդիայի թիմը, վիզուալիզացիայի մեր գործընկերները, ինչպես նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողները մեկ տարուց ավելի աշխատել են այս նախագծի վրա, բայց այդպես էլ չեն կարողացել գտնել կառույցում օգտագործված որոշ լուծումներ, չնայած քննարկվող պահից անցել է ընդամենը մոտ 40 տարի: Անկեղծ հույս ունենք, որ այս գրառումը կօգնի մեզ գտնել այդ լուծումները, և մենք երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր իրենց արխիվում ունեն նյութեր Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի մասին. վստահ ենք, որ ինչ-որ մեկը, հավանաբար, դեռ ունի կինոթատրոնի աշխատանքային նախագծի պատճենը կամ համալիրի պակաս հատվածների լուսանկարները. այս ամենը մեզ կօգնի լրացնել մնացած բացերը: Բացի հին լուսանկարներից և ամառային դահլիճի ներկա ծավալից՝ մենք հիմնվեցինք կառույցի նախագծի վրա. մեր աշխատանքի արդյունքը եղավ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի և նրան շրջապատող յոթ շենքերի ռեալիստական պատկերները՝ հնարավոր առավելագույն մանրամասնություններով։
Այստեղ նաև սլայդեր ենք ավելացրել, որն ավելի հստակ է ցույց տալիս, թե ինչ տեսք ունի Երևանի կենտրոնի այս հատվածն այսօր՝ 2023 թվականին, և թույլ է տալիս պատկերացնել, թե ինչպիսին այն կարող էր ու դեռ կարող է լինել։
Բացի ճարտարապետական յուրահատկությունից՝ ամառային կինոդահլիճի ամենակարևոր արժեքն այն էր, թե ինչպես է դահլիճը լուծել իր տարածքի կազմակերպման խնդիրը. առանց հարևան շենքերի էրգոնոմիկայի վրա ազդելու՝ այն փոխակերպել է ամբողջ թաղամասի արտաքին տեսքը և լցրել նոր զգացողություններով՝ ստեղծելով յուրատեսակ մթնոլորտ։
Ցավոք՝ 1980-ականների վերջին անբավարար սեյսմակայունության պատճառով որոշվեց ապամոնտաժել կինոթատրոնի ճակատային տերասան։ Բանն այն էր, որ կառուցված ամառային սրահին ավելացվել էր հավելյալ ելք փակ դահլիճից, իսկ այս փոփոխության համար կառույցն ի սկզբանե նախատեսված չէր: Նախատեսվում էր ճակատային տերասայի վերահաշվարկ կատարել և այն վերականգնել տեղանքի հարմարեցման ծրագրի շրջանակում, սակայն Խորհրդային Միության փլուզումը և դրան հաջորդած պատերազմն ու տնտեսական ճգնաժամը թույլ չտվեցին նախագիծն ավարտին հասցնել։

Летний зал кинотеатра «Москва» в Ереване
Общий вид

Летний зал кинотеатра «Москва» в Ереване
Общий вид
Տերասա








Ծածկով հատվածը








Ներքին բակը








Կինոդահլիճը






2010 թվականին, երբ հայտնի դարձավ կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու ծրագրերի մասին, բողոքի մեծ ալիք բարձրացավ թե՛ ճարտարապետների, թե՛ հասարակ երևանցիների շրջանում․ պայքարի գնով շենքի գոյություն ունեցող հատվածը հնարավոր եղավ պահպանել՝ հնարավորություն տալով հետագա վերականգնման համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ակտիվություն ցուցաբերեցին, և բոլոր նրանց, ում ջանքերով ամառային կինոթատրոնի շենքն ընդգրկվեց «Երևան քաղաքի պատմության և մշակույթի նորահայտ հուշարձանների» ցանկում։ Իրոք, մշակութային և պատմական բաղադրիչներից բացի, որոնք բազմիցս ընդգծվել են ի պաշտպանություն Մոսկվա ամառային կինոթատրոնի, այն ունի ևս մեկ անհերքելի առանձնահատկություն. չունի ճարտարապետական և ոճական համարժեքներ և ժառանգության եզակի նմուշ է։ Այսպես՝ վերականգնվելուց հետո այն ոչ միայն կաշխատի մեր քաղաքի օգտին, այլև էապես կընդգծի նրա պատմության և մշակույթի բազմազանությունը՝ ի տարբերություն այս տարածքի ցանկացած կառուցապատման, ինչը կլիներ ևս մեկ քայլ Երևանի իրական մթնոլորտը և դեմքը ոչնչացնելու ուղղությամբ։
Մոտ ապագայում նախատեսվում է անցկացնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարմարեցման նախագծի մրցույթ. այն կներառի նոր լուծումների որոնում առանց փոփոխելու կառույցի ճարտարապետական լուծումները: Այս նախագծի նպատակն է պահպանել ամառային կինոդահլիճի յուրահատուկ տեսքը, որը կլրացվի ժամանակակից ֆունկցիոնալությամբ. վստահ ենք, որ ճիշտ հայեցակարգի ձևավորման և պոտենցիալի գրագետ օգտագործման դեպքում, որն ունի այս կառույցը, այն կարող է կոմերցիոն առումով շատ ավելի գրավիչ դառնալ սեփականատերերի և ներդրողների համար: «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի այսպիսի ապագան ևս մեկ անգամ կարող է ընդգծել Երևանում հրաշքով պահպանված նմանատիպ կառույցների վերականգնման հնարավորություններն ու տնտեսական արդյունավետությունը. չէ՞ որ նման նախագծերի կոմերցիոն հաջողությունն էր, որ ամրապնդեց դրանց դիրքը՝ որպես վերջին տասնամյակների հզոր համաշխարհային քաղաքային թրենդ։

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը
Գլխավոր ֆասադ
Մենք իսկապես հուսով ենք, որ նախագծում ներգրավելով մեծ թվով ճարտարապետների և դիզայներների՝ միասին կկարողանանք գտնել իսկապես արժանի լուծում, որը թույլ կտա մեզ վերադարձնել այս եզակի կառույցը, և այն կրկին կաշխատի ի շահ քաղաքի բնակիչների և մեզ բոլորիս։
Հարգանքով՝ Կնտեխցյան Աղասի
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախաձեռնող և նախագծի ղեկավար;
Վահագն Այվազյան և Գրիգոր Պողոսյան – վերլուծություն, չափագրումներ և մոդելավորում;
«LiberaImmaginazione» ստուդիա – մոդելավորում և վիզուալիզացիա:
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախաձեռնող և նախագծի ղեկավար;
Վահագն Այվազյան և Գրիգոր Պողոսյան – վերլուծություն, չափագրումներ և մոդելավորում;
«LiberaImmaginazione» ստուդիա – մոդելավորում և վիզուալիզացիա: